Սուրբ Սարգսի Տոնը Արքայաձորում

Արքայաձոր ռեստորանային համալիրը սիրով հրավիրում է Ձեզ ս․թ․ հունվարի 23-ին իր ջերմ ու հյուրընկալ միջավայրում տոնելու Սբ․ Սարգսի կամ որ նույնն է՝ Երիտասարդների օրհնության օրը։ Շարժական այս տոնը Հայ առաքելական եկեղեցին 2016թ․ որոշել է նշել հունվարի 23-ին՝ շաբաթ օրը։ Արքայաձորում դուք հնարավորություն կունենաք ըմբոշխնելու համադամ ուտեստներ և վայելելու հրաշալի շոու ծրագիր։ Համոզված ենք, որ մեզ մոտ դուք կունենաք անկրկնելի ու անմոռանալի ժամանց։ Ստորև ծանոթանանք օրվա խորհրդին։

sbsargis4

    Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետեւորդ էր եւ հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է եւ 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաեւ Սուրբ Սարգիսը: (Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է եւ այս տարի նշվում է հունվարի 23-ին: Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայված նվիրումն առ Աստված, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա:
Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը:
Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի եւ նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է եւ աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ
Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տեւում է հինգ օր:

Ս. ՍԱՐԳԻՍ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՒ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:
Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս եւս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, եւ աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչեւ այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որեւէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն եւ ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց եւ տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով եւ խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով եւ արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին եւ մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Ժողովրդական սովորություններից է նաեւ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:

   Աղբյուր՝ qahana.am, Հեղինակ` ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ

Վերադառնալ